Ծրագրեր
«Էրեբունի» հնավայրի վերականգնման, թանգարանի արդիականացման և այցելուների սպասարկման բարելավման նպատակով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը մշակել է ծրագիր, որը նախատեսում է հնավայրի ցանկապատում, Էրեբունի միջնաբերդի վերականգնում, հնավայրում սպասարկման ենթակառուցվածքների ստեղծում, միջնաբերդին հանդիպակաց բլրի լանջին ամֆիթատրոնի կառուցում, թանգարանի շենքի վերակառուցում, օժանդակություն սահմանափակ կարողություններով մարդկանց և այլ: Կարդալ ավելին...
Հայ-ֆրանսիական համագործակցությունը
Էրեբունի քաղաքատեղիում հնագիտական ուսումնասիրությունները շարունակելու և ընդլայնելու անհրաժեշտությունից ելնելով 2008 թվականից արգելոց-թանգարանը գիտական և տեխնիկական համագործակցություն է իրականացնում Բրետանի (Ֆրանսիա) հնագիտական առաքելության հետ` Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կողմից 2008-2011թթ. համար արտոնված քառամյա ծրագրի շրջանակում և Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության ու Գիտական ուսումնասիրությունների ազգային կետրոնի աջակցությամբ: Այդ համագործակցության նպատակը կողմերի միջև պարբերաբար գիտական և տեխնիկական տվյալների փոխանակությունն է` հնավայրի լավագույնս գիտական ճանաչման, հայտնաբերված և դեռևս հայտնաբերման ենթակա մնացորդների անվտանգ պահպանությունը, ինչպես նաև գիտական տվյալների հիման վրա հնավայրի ու թանգարանի հանրահռչակումը և մշակութային ծրագրերի խթանումը:
Այս համագործակցության առանցքում դրված են նաև հնավայրի ուսումնասիրության պատմությունը վերաբերող փաստավավերագրական նյութի ամբողջացումը և գիտակրթական նշանակության կարևորումը` մասնավորապես մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին պեղումների գործաշրջանին ներգրավելու միջոցով:
2010թ. հունիսի 7-18-ը Էրեբունի միջնաբերդում հայ-ֆրանսիական համատեղ արշավախմբի աշխատանքը ամփոփվեց 2010թ. հունիսի 15-ին արգելոց-թանգարանում հրավիրված մամուլի ասուլիսում` արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի, արշավախմբի հայկական կողմի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի և ֆրանսիական կողմի ղեկավար Ստեֆան Դեշամպի կողմից:
Կրթական ծրագրեր դպրոցականների և երիտասարդների համար
Նախաձեռնություն հանրակրթական դպրոցների համար
Հաշվի առնելով պատմամշակութային ժառանգության դերը կրթության, հասարակական համախմբվածության խթանման և քաղաքացիական հասարակության կայացման գործում` արգելոց-թանգարանը 2010թ. հանդես է եկել Էրեբունի հնավայրի ճանաչելիության բարձրացմանն ուղղված նախաձեռնությամբ` դպրոցների ուսուցիչների և դպրոցականների ակտիվ մասնակցային ներգրավմամբ:
Այդ նախաձեռնությունը հասցեագրված է ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներին և նպատակ ունի.
- նպաստել դպրոցական ծրագրերում Էրեբունի հնավայրը որպես կրթական ռեսուրս դիտարկելու գործընթացին
- նպաստել պատմամշակութային ժառանգության պահպանության գիտակցության ձևավորմանը` վաղ դպրոցական տարիքից
- նպաստել պատմական վայրերի ու հուշարձանների նպատմամբ դպրոցականների հետաքրքրությունների, հետազոտական ունակությունների բացահայտմանը, նրանց կողմնորոշմանը մասնագիտության ընտրության հարցում
- նպաստել դպրոցականների կողմից ժառանգության պահպանությունը որպես յուրաքանչյուրի միջև բաշխված պատասխանատվության գիտակցմանը:
Այս ծրագրի շրջանակում արգելոց-թանգարանը հնարավորություն է ընձեռում հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և աշակերտներին` - Ուրարտուի պատմության դասերն անցկացնել արգելոց-թանգարանում` ներառյալ մշտական ցուցադրություն անվճար այցելությունը
- Նկարչության բացօթյա դասաժամեր անցկացնել հնավայրի, ներառյալ միջնաբերդի տարածքում (եղանակային բարենպաստ օրերին)
- Բարձր տարիքի դպրոցականներին մասնակցել հնավայրում ընթացող պեղումներին, իսկ նպատակահարմարության դեպքում նաև պահպանության նպատակով տարվող այլ աշխատանքներին:
Սույն ծրագրի շրջանակում 2010թ. ընթացքում արգելոց-թանգարանն արդեն համագործակցել է Երևան քաղաքի Էրեբունի թաղային համայնքի թիվ 35, 45, 64 և 123 հանրակրթական դպրոցների հետ:
Նախաձեռնություն «Ժառանգության դասարաններ»
«Ժառանգության դասարաններ» մոդելը արգելոց-թանգարանն իրականացրել է ABCconnection (Armenian Business-2-Community Connection) ՍՊԸ-ի և Կոջոյան կրթահամալիրի սաների հետ: Նախաձեռնության նպատակն է Էրեբունիի օրինակով մշակութային կրթություն ստացող երիտասարդներին ծանոթացնել պատմամշակութային վայրերի նշանակությանն ու համատեքստին` հնարավորություն ընձեռելով ըմբռնել վայրի ոգին և ստեղծագործել հնավայրի միջավայրում: Ծրագրի 1-ին փուլում կրթարանի սաները ունկնդրել են թանգարանի աշխատակցի կողմից անցկացվող ներածական դասը, որին հաջորդել է այցելությունը թանգարան և հնավայր: 3-րդ փուլում մասնակիցներն անցկացնում են գործնական պարապմունք հնավայրում և ստեղծագործում «Երևանի պատմության էջերն իմ աչքերով» թեմայով:
Կոջոյան կրթարանի հետ առաջին «Ժառանգության դասարանը» վարել է արգելոց-թանգարանի էքսկուրսավար Միքայել Բադալյանը: Նախատեսվում է առաջիկայում արգելոց-թանգարանի ժամանակավոր ցուցասրահում ներկայացնել կրթահամալիրի սաների աշխատանքները` ստեղծված գործնական պարապմունքի ընթացքում:
Եթե դուք ուզում եք դառնալ այս ծրագրերի մասնակից 2011թվականին` ապա մինչև 2011թ. մարտի 1-ը կարող եք դիմել արգելոց-թանգարանի մարկետինգի սեկտորի վարիչ Կարինե Հակոբյանին. + 374 10 43 89 53
Հուշանվերների կրպակ
Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ: