gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Շենգավիթ բնակատեղի

PDF Տպել

shengavit-patmakan-1Շենգավիթ  բնակատեղին Հայաստանի Վաղ Բրոնզի     շրջափուլի ամենանշանավոր հնագիտական հուշարձաններից է:  Գտնվում է  Երևան քաղաքի հարավ-արևմտյան հատվածում, Հրազդան գետի ձախ ափին: Բլուրն ունի 6 հա մակերես  և գտնվում է Հրազդան գետի մակերևույթից 30 մ բարձրության վրա:
Հնավայրում 1936-1938թթ հետազոտություններ, ապա պեղումներ է կատարել հնագետ Եվգենի Բայբուրդյանը, ապա շուրջ երկու տասնամյակ հնավայրը դուրս է մնացել մասնագետների ուշադրությունից:
1958թ-ից Շենգավթի տարածքում հնագիտական նոր ուսումնասիրություններ ու պեղումներ են սկսվել հնագետ Սանդրո Սարդարյանի ղեկավարությամբ: 1958-1980թթ ընթացքում նրա կողմից պեղվել է բնակատեղիի պահպանված հատվածի կենտրոնական մասը: 2000թ. օգոստոսից ուսումնասիրություններ են կատարվում հայ - ամերիկյան միացյալ հնագիտական արշավախմբի  կողմից՝ հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ: Հնագիտական պեղումներից պարզվել է, որ այս բնակատեղին շրջափակված է եղել անմշակ քարերից կառուցված հզոր պարսպով և ունեցել է դեպի Հրազդան (հնում` Իլդարունի) գետը տանող ստորերկրյա սալածածկ գետնուղի, իսկ պարսպից դուրս տարածվել է դամբարանադաշտը:  
Շենգավիթ հնագույն բնակատեղին  պատկանում է նախնադարյան համայնական տոհմական հասարակության ժամանակաշրջանին:
Բուն բնակատեղին բաղկացած է հաջորդաբար իրար վրա կառուցված մշակութային ու հնագիտական 4 շերտերից՝ 4 մետր խորությամբ.
1- ին շերտ՝ ուշ նեոլիթ / 3500-3000 թթ/
2-րդ շերտ՝ վաղ էնեոլիթ /3000-2700թթ/
3-րդ շերտ՝ միջին էնեոլիթ /2600-2300թթ/
4-րդ շերտ՝ ուշ էնեոլիթ /2300-2000 թթ/

shengavit-patmakan-21-ին շերտից՝ ուշ նեոլիթից հայտնաբերված կավանոթները պարզունակ են՝ հարդախառը, կոպիտ թրծված, առանց նախշերի, մակերեսը՝ սպիտակ, դեղնավուն անգոբով: Գտվել են թասերի, գավաթների, գավերի և այլ ամանների կտորներ: 1-ին շերտից հայտնաբերված նյութերը հիմնականում քարից են՝ օբսիդիան, կայծքար, բազալտ: Հայտնաբերվել են կոպիտ մշակված քարե կացիններ,  իսկ ոսկրե աշխատանքային գործիքները՝ ասեղները, իլիկի գլուխները և նետասլաքները վկայում են անասնապահության զարգացման մասին: Այստեղ պահել են մանր ու խոշոր եղջերավոր անասուններ: Շենգավիթում հայտնաբերված իլիկի գլուխները վկայում են մանածագործության բարձր զարգացման մասին: Պատրասվել են գործվածքներ, հագուստներ: Վերջին պեղումների  ընթացքում բացվել են եղեգից հյուսված խսիրի հետքեր:
Այս վաղ երկրագործական բնակավայրի անկման պատճառներն առ այսօր մնում է քննարկման առարկա մասնագետների շրջանում: Նրանց հիմնական մասը կարծում է, որ բնակավայրի կործանման պատճառ կարող էին լինել երեք գործոններ.
ա) մ.թ.ա. III հազ. վերջին քառորդին էկոլոգիական փոփոխությունների արդյունքում սկսված աղուտացման երևույթը
բ) ներփակ տնտեսական հարաբերությունները
գ) այդ փուլում հաճախակի դարձած էթնիկական տեղաշարժերն ու ներխուժումները.
Այս ամենի արդյունքում, մոտավորապես մ.թ.ա. III հազ. վերջին քառորդին, Շենգավիթ   բնակատեղին  դատարկվում ու լքվում է:
Մ.թ.ա. III հազ. վերջին և մ.թ.ա.II հազ.առաջին կեսին, ըստ հայտնաբերված հնագիտական նյութերի, լքված հնավայրի տարածքում սկսում են հատուկենտ թաղումներ կատարել, իսկ միջնադարում այստեղ ձևավորվում է ոչ մեծ գյուղատեղի:
Պեղված նյութերի հիման վրա 1968թվականին բացվում է  Շենգավիթ¦ թանգարանը, որը հանդիսանում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի մասնաճյուղը: 2003թ. թանգարանը վերանվանվել է Շենգավիթ պատմահնագիտական արգելոցի : Հնավայրի նյութերի որոշ մասն այսօր գտնվում է նաև Երևան քաղաքի և Հայաստանի պատմության թանգարաններում:

shengavit-patmakan-museum1‹‹Շենգավիթ››  թանգարան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Շենգավիթ» մասնաճյուղը  ստեղծվել է  ՀՀ Կառավարության 1968 թ. մայիսի 24-ի թիվ 225 որոշմամբ, որի համար գիտական հիմք է Շենգավիթ բնակատեղիից  հայտնաբերված գտածոները: Շենգավիթի պեղումներից հայտնաբերված գտածոները կազմում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի թանգարանային հավաքածուի անբաժանելի մասը և խմբավորված են  18 հավաքածուներում:

Այցելություն Էրեբունի

Որմնանկարներ

Image 1

Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.

Գտածոներ

Image 2

Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Ոսկերչություն

Image

Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Խեցեղեն

Image 2

Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.

Հուշանվերների կրպակ

 

Erebuni

Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ: