gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Էրեբունին ամփոփում է 10-րդ Թանգարանների գիշերը

PDF Տպել

images/museumnight2014c.jpg

19.05.2014

2014թ. մայիսի 17-ի ժամը 18:00-ից <<Էրեբունի>> արգելոց-թանգարանը 10-րդ անգամ միացավ Եվրոպային` մինչև կեսգիշեր ընդունելով հազարավոր այցելուների:  Հոբելյանական 10-րդ Գիշերվա համար 5 միջոցառումներից մշակված ծրագիրը միաժամանակ մեկ սցենարի մեջ էր, որը կրում էր ԻԿՕՄ-ի կողմից 2014-ի համար հայտարարված  <<Հավաքածուները ստեղծում են կապեր>> խորագիրը`

հասցեագրված  ամենատարբեր հետաքրքրություններ և տարիքային խմբերի պատկանող  այցելուների: Ինչպեսև նախորդ տարի, թանգարանի այցելուների կողքին էր Երևանի քաղաքապետարանը, ում աջակցությամբ ժամը 19:00-ից մինչ կեսգիշեր գործեց  Հանրապետության հրապարակ-Էրեբունի թանգարան անվճար երթուղին` խրախուսելով և դյուրինացնելով, մասնավորապես երևանցիների, այցելությունը  մայրաքաղաքի բնօրրան: Ինչպեսև միշտ, հաշվի առնելով այցելուների մեծ հոսքերը ոչ միայն թանգարան` այլ նաև Էրեբունիի ամրոցի միջնաբերդ, արգելոց-թանգարանի տարածքում լրացուցիչ ուժեղացված ծառայություն իրականացրեցին ՀՀ ոստիկանության պետական պահպանություն իրականացվող ոստիկանները` ապահովելով ոչ միայն հասարակական կարգի, այլ նաև հնավայրի անխաթար պահպանություն:   Առավոտից մինչև ուշ կեսգիշեր ոտքի վրա էր արգելոց-թանգարանի ողջ աշխատակազմը:

Թեև Գիշերվա մեկնարկը խորհրդանշականորեն տրվելու էր արևամուտից, սակայն մայիսի 17-ի վաղ առավոտից Էրեբունին սկսեց ընդունել ՀՀ մարզերից ժամանող դպրոցական խմբերի` ուսուցիչների և ծնողների ուղեկցությամբ: Բազմաթիվ խմբային այցելուների շարքում առանձնապես աչքի ընկավ Բյուրեղավանի դպրոցը, որն Էրեբունի էր եկել տոնական հատուկ ծրագրով և  տրամադրությամբ: Արին բերդի բարձրունքից բյուրեղավանցի դպրոցականները  բաց թողեցին տոնական փուչիկներ` այսկերպ ողջունելով 10-րդ Թանգարանային գիշերը մայրաքաղաքում:

Ծնողների ուղեկցությամբ Էրեբունի այցելած ցածր դպրոցական տարիքի երեխաները ժամեր շարունակ անցկացրեցին արգելոց-թանգարանի ուսումնական պեղավայրում` դիտելով պատանի հնագետների ցուցադրական դասը պեղումների հրապարակում: Այդ պեղումները հետաքրքրեցին նաև շատ մեծահասակների:

Ծրագրի շրջանակում 3 անգամ ցուցադրվեց <<Աշխարհը Բրիտանական թանգարանում>> ճանաչողական ֆիլմը, որի դիտորդները հիմնականում ուսանողներն ու մեծահասակներն էին: Ֆիլմը գլխավորապես հետաքրքրեց  մշակութային մասնագիտական կրթություն ստացողներին և, մասնավորապես, հնագետներին ու արվեստի պատմաբաններին:

Էրեբունիում Թանգարանների գիշերը երաժշտական դարձրեց <<Վան>> ազգագրական երգ ու պարի համույթը` Անդրանիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Թանգարանի ներքին բակում և առջևի հարթակում հնչեցին <<Ամռան գիշեր>>, <<Աշնան գիշեր>>, <<Ճախարակ>> երգերը, իսկ <<Ուրֆանե>>, <<Սեբաստիո>>, <<Զընգըրթա>> պարային համարներում ուղղակիորեն  ներգրավվեցին նաև այցելուները` համույթի հետ կազմելով պարային մեկ շրջան:

Մեծ թվով այցելուների Էրեբունի էր բերել նաև 1-ին անգամ ցուցադրվող ագաթե կոճակի (մ. թ. ա. 8-րդ դար) 1-օրյա ցուցադրությունը: Շատերին էր հետաքրքրում, թե ինչպիսի՞ն է գրեթե 3-հազարամյա կոճակը:

Ավելի ուշ, ժամը 21:00-ից Էրեբունին միացավ համացանցում օն-լայն ռեժիմով հասանելի <<Գեղագիտակ>> նախաձեռնությանը` մինչև կեսգիշեր դիտելով 10-րդ Թանգարանային գիշերվա հետաքրքիր կադրեր` մեկտեղված մեկ ալբոմում: Գեղադիտակը, որը հասանելի է http://prod.kinevision.fr/opes/display_wall_stack/349?user=musee&pwd=2014 հասցեում, ներկայացրել է հարյուր-հազարավոր կադրեր Եվրոպայի թանգարաններից: Սմարթֆոններ ունեցող հազարավոր այցելուներ ընդունել են Գիշերվա եվրոպական համակարգողների <<Նկարի°ր ինքդ>> առաջարկությունը և որսացել Եվրոպայի թանգարանային հավաքածուների հարստությունը ներկայացնող հրաշալի լուսանկարներ: Նախաձեռնությանն ակտիվորեն են մասնակցել Ֆրանսիան, Իտալիան, Ռումինիան, Իսպանիան, Ռուսաստանը, Հայաստանը: Էրեբունի թանգարանը Գեղադիտակում ներկայացված է Արգիշտիի բարձրաքանդակը ներկայացնող 1 լուսանկարով:

2014թ. մայիսի 17-ին <<Էրեբունի >> արգելոց-թանգարան են այցելել 2400 այցելուներ, որոնցից 960-ը` 12-25 տարեկաններ:

<<Էրեբունի>> արգելոց-թանգարանը շնորհակալություն է հայտնում իր բոլոր այցելուներին, գործընկերներին և աջակիցներին: Հատուկ շնորհակալություն այն այցելուին, ով ինքնալուսանկարի փոխարեն նախապատվությունը տվել է մեր սիրելի մայրաքաղաքի հիմնադրի` Արգիշտի արքայի բարձրաքանդակին` Եվրոպայով մեկ հանրառչակելով շուտով արդեն 2800-ամյա Երևանի հարատևության խորհրդանիշը: