gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Էրեբունին միացավ Ֆրանկոֆոնիայի երկամսյակին

PDF Տպել

2015թ. ապրիլի 11-ին Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հյուրընկալեց Երևանի Բ. Ժամկոչյանի անվ. թիվ 119 ֆրանսիական թեքումով դպրոցի շուրջ 40 աշակերտների` Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում: Այն 2015թ. Հայաստանում անց է կացվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման համատեքստում: Խաղաղության, արդարության, հանդուրժողականության և համերաշխության ֆրանկոֆոն արժեքները նշանավորող ու հանրահռչակող պատանի ֆրանկոֆոնները թանգարանի ցուցասրահում հանդես եկան «Վրեժ և հատուցում» խորագիրը կրող բեմադրությամբ:

 

Միջոցառումը մեկնարկեց Էրեբունի արգելոց-թանգարանի փոխտնօրեն Ա. Մեշինյանի, Հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժնի վարիչ Գ. Գևորգյանի և Երևանի թիվ 119 ավագ դպրոցի տնօրեն Հ. Կարապետյանի ելույթներով: Ողջունելով ֆրանսիական դպրոցի աշակերտներին և նրանց ուղեկցող ուսուցիչներին ու ծնողներին` արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանն ընդգծեց Ֆրանկոֆոնիայի օրվա խորհուրդը՝ անդրադառնալով ֆրանսերենով հաղորդակցվելու և այն խրախուսելու կարևոր առաքելությանը: Գ. Գյուրջյանն իր խոսքում կարևորեց դպրոցների հետ թանգարանի համագործակցությունը, մասնավորապես՝ թիվ 119 դպրոցի հետ նման գեղեցիկ միջոցառումները շարունակական դարձնելու ծրագրերը: Միջոցառման ավարտից հետո թիվ 119 ավագ դպրոցի սաները ֆրանսերենով ծանոթացան թանգարանի մշտական ցուցադրությանը և  Էրեբունի հնավայրին:

Ֆրանկոֆոնիան ֆրանսախոս երկրների միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1970 թվականին։ Այն ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է: Ֆրանկոֆոնիան ողջ աշխարհում նպատակ է հետապնդում ամրապնդել միջազգային հանրության համերաշխությունը ֆրանսերեն լեզվի միջոցով` խրախուսելով մշակութային ու լեզվական բազմազանությունը: Ֆրանսերենը դիտարկվում է իբրև ընդհանուր ժառանգություն` հանդիսանալով հաղորդակցության ու փորձի փոխանակման միջոց: Ֆրանսերենն ինչպես մշակույթների երկխոսության, այնպես էլ երկխոսելու մշակույթի միջոց է: Այն խաղաղության, համագործակցության և համերաշխության, ինչպես նաև տևական զարգացման ապահովման ու ամրապնդման գործիք է, որն օգնում է մերձենալ ժողովուրդներին, փոխադարձաբար ճանաչել միմյանց: Հայաստանն անդամակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը 2008 թվականից: