Աշխատանքային հանդիպում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում
2016թ. հունվարի 26-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կայացել է աշխատանքային հանդիպում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության և քաղաքապետարանի ենթակայության 5 թանգարանների՝ Էրեբունի, Երևանի պատմության, Ժամանակակից արվեստի,Կարեն Դեմիրճյանի և Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանների տնօրենների և աշխատակիցների միջև, որը վարել է Մշակույթի և տուրիզմի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հովհաննիսյանը:
Էրեբունի թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի ուղեկցությամբ՝ մասնակիցները նախ շրջել են արգելոց-թանգարանի տարածքում, որի ընթացքում արգելոց-թանգարանի տնօրենը ներկայացրել է թանգարանի հարակից տարածքում իրականացված շինարարական, բարեկարգման աշխատանքները և հնավայրի պահպանությանն առնչվող խնդիրները, ապա ծանոթացել թանգարանի մշտական ցուցադրությանը և կիսվել իրենց տպավորություններով թանգարանի պատվավոր հյուրերի գրքում:
Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ նման խորհրդակցությունների նպատակն է ծանոթանալ քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում գոյություն ունեցող հիմնախնդիրներին և նպաստել դրանց հնարավոր լուծմանը: Թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում արգելոց-թանգարանի տնօրենը վեր է հանել այն բոլոր կարևոր խնդիրները, որոնք վերաբերում են թանգարանի գիտահետազոտական, կրթական, արտաքին կապերի, տնտեսական և այլ հարցերին: Այս համատեքստում առանձնակի կարևորություն է տրվել Շենգավիթ և Կարմիր բլուր մասնաճյուղերին և որոշվել՝ առանձին այց կազմակերպել նշված հնավայրեր՝ տեղում ուսումնասիրելու առկա խնդիրները:
Նիստի ավարտին Ռ. Հովհաննիսյանն ընդգծել է, որ նմանատիպ հանդիպումները շարունակվելու են նույնպես մյուս թանգարաններում, որի արդյունքում նաև սերտ համագործակցություն կստեղծվի Մշակույթի վարչության և վերոնշյալ թանգարանների միջև: