gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Պերսեպոլիսում բացվել է «Հայաստանի Հանրապետության ուրարտական հուշարձանները» խորագրով ցուցահանդես

PDF Տպել

2016թ. մայիսի 16-ին ԻԻՀ Պերսեպոլիս /Թախտե-Ջամշիդ/  Համաշխարհային ժառանգության հնավայրի  թանգարանում բացվել է «Հայաստանի Հանրապետության ուրարտական հուշարձանները» խորագրով ցուցահանդես: Այն պատասխան ցուցահանդես է 2015թ. Էրեբունի թանգարանում կազմակերպված «Էրեբունիից Պերսեպոլիս. ուրարտական և աքեմենյան մշակույթների հանգույցում» ցուցահանդեսին, որը ևս իրականացվել է հայ-իրանական վերոնշյալ համագործակցության շրջանակում: Պերսեպոլիսում ներկայացված ցուցահանդեսին բացման խոսքով հանդես է եկել «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ԻԿՕՄՕՍ/Հայաստանի նախագահ Գ. Գյուրջյանը, ով իր խոսքում ընդգծել է, որ այս ցուցահանդեսը մեծ խթան կարող է հանդիսանալ 2 երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման գործում:

Ցուցահանդեսի բացմանը ողջույնի և շնորհավորական խոսքերով հանդես են եկել Թանգարանների միջազգային խորհրդի` ԻԿՕՄ-ի նախագահ Հանս Մարտին Հինզը, Իրանի ԻԿՕՄ-ի գործադիր տնօրեն Մ. Թաբաթաբային, Պերսեպոլիսի թանգարանի տնօրեն Ս.Ռեզան և այլք: Այնուհետև, Պերսեպոլիսի թանգարանում կազմակերպվել են հայ-իրանական համատեղ դասախոսություններ: Հայաստանի Հանրապետության ուրարտական հուշարձանները» խորագրով ցուցահանդեսը բացվել է 2015թ. Երևանում ԻԿՕՄՕՍ/Հայաստանի, ԻԿՕՄ/Հայաստանի և ԻԿՕՄ/Իրանի միջև ստորագրված համագործակցության Հուշագրի և 2016թ. Իրանի Իսլամական Հանրապետությունում Մշակութային շաբաթվա շրջանակներում՝ ս.թ. մայիսի 14-19-ը Հայկական պատվիրակության՝ Իրան կատարած  այցի ժամանակ: Պատվիրակության կազմում են եղել Երևանի քաղաքապետարանի Մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանը,  ԻԿՕՄՕՍ/Հայաստանի նախագահ, Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյանը, «Էրեբունի» թանգարանի աշխատակիցները: ԻԻՀ  Հայկական պատվիրակության այցի շրջանակում երկու կարևոր համաձայնագիր է ստորագրվել՝  Երևանի քաղաքապետարանի Մշակույթի բաժնի պետ Է. Թորոսյանի և  Շիրազի քաղաքապետի տեղակալ, Մշակույթի, սպորտի և սոցիալական հարցերի վարչության պետ Ա. Հ. Բուշեհրիի կողմից՝ Երևանի և Շիրազի միջև մշակութային համագործակցության վերաբերյալ, և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի բաժնի վարիչ Մ. Զարդարյանի ու ԻԻՀ Մշակութային ժառանգության և տուրիզմի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Մ. Բեհեշթիի կողմից՝ հնագիտության, ազգագրության և բանահյուսության ոլորտում լայն գիտահետազոտական ուսումնասիրությունների վերաբերյալ:

Այցի շրջանակում Շիրազի ազգային գրադարանում տեղի է ունեցել Իրանի ԻԿՕՄ-ի Շիրազի մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը, որը զուգորդվել է նաև Միջազգային ԻԿՕՄ-ի 70-ամյակին նվիրված շնորհավորական ուղերձներով: Մայիսի 14-19-ը աշխատանքային այցով  Իրանում գտնվող Հայկական պատվիրակության անդամները, ի դեմս՝ ԻԿՕՄՕՍ/Հայաստանի նախագահ, «Էրեբունի» թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի և Երևանի քաղաքապետարանի Մշակույթի բաժնի պետ Է. Թորոսյանի, շնորհավորել են ԻԿՕՄ-ի նախագահին՝ ԻԿՕՄ-ի 70-ամյակի կապակցությամբ և Իրանի ԻԿՕՄ-ի ու այլ կառույցների պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այցելել են Շիրազ քաղաքի նշանավոր հուշարձաններ և թանգարաններ: