gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Հայ-իրանական համագործակցությունը նոր ընթացք է ստանում

PDF Տպել

2015թ. սեպտեմբերին ԻԿՕՄՕՍ/Հայաստանի, ԻԿՕՄ Հայաստանի և ԻԿՕՄ Իրանի միջև ստորագրված համագործակցության Հուշագրի շրջանակում ս.թ. հունվարի 8-12-ը Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել «Թանգարանային միջավայրի և կանխարգելիչ պահպանման վերաբերյալ» միջազգային սեմինար: ICOM-IRAN, RICHT, RCCCR, նաև ICCROM, English Heritage, Eco CI և SRCCCR կազմակերպությունների կողմից կազմակերպված սեմինարին մասնակացել է նաև Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի Գիտահետազոտական բաժնի վարիչ` Աննա Ազիզյանը: Նա հանդես է եկել «Էրեբունի» արգելոց-թանգարանի շրջապատի պահպանմանը նվիրված զեկուցումով: Սեմինարին հրավիրված են եղել տարբեր երկրների մասնակիցներ` Բրիտանիայից, Իտալիայից, Պակիստանից, Թուրքիայից, Ղազախստանից, Ղրղզստանից: Երկու երկրների միջև 2015թ. հաստատված մշակութային սերտ համագործակցությունն ընդգրկում է մի շարք դրույթներ, որոնք պարբերաբար իրականացվում են:

Այսպես, 2015թ. «Էրեբունի» թանգարանում կազմակերպվել է «Էրեբունիից Պերսեպոլիս. ուրարտական և աքեմենյան մշակույթների հանգույցում» ցուցահանդեսը, որին ներկա են գտնվել իրանական կողմը ներկայացնող բազմաթիվ պաշտոնյաներ, հասարակական և մշակութային գործիչներ: 2016թ. մայիսին Համաշխարհային  ժառանգության ցանկում ընդգրկված Իրանի «Պերսեպոլիս» հնավայրի թանգարանում պատասխան ցուցահանդեսով հանդես է եկել «Էրեբունի» թանգարանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության ուրարտական հուշարձանները» խորագրով ցուցահանդեսը: Հուշագրի մեկ այլ դրույթի համաձայն՝ Իրանում և Հայաստանում իրականացվող պեղումներին մասնակցել են  հնագետներ երկու երկրներից: Սույն դրույթի շրջանակում համագործակցություն է հաստատվել ՀՀ ԳԱԱ Հնագիտության ինստիտուտի և Իրանի Մշակութային ժառանգության և տուրիզմի հետազոտությունների ինստիտուտի միջև:

Հայ-իրանական համագործակցությունն արդյունավետորեն  շարունակվում է, որի վկայությունն է այս տարվա հունվարի 8-12-ը Թեհրանում կայացած միջազգային սեմինարը: Հարկ է նշել, որ առաջիկայում նմանատիպ սեմինար նախատեսվում է կազմակերպել Երևանում: