gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Էրեբունիում բացվել է «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» ցուցահանդեսը

PDF Print

Այսօր՝ ապրիլի 18-ին, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է  «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» խորագրով ցուցահանդես: Այն կազմակերպվել է «Էրեբունի» արգելոց-թանգարանի և ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության համատեղ ջանքերով Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում: Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել պատմամշակութային ժառանգության  և զբոսաշրջության ոլորտի  ներկայացուցիչները: Բացման խոսքով հանդես է եկել «Էրեբունի» թանգարանի տնօրեն, ԻԿՕՄՕՍ/Հայաստանի նախագահ Գ. Գյուրջյանը՝ շնորհավորելով հուշարձանների պահպանությամբ զբաղվող մասնագետներին: Ողջույնի և շնորհավորական խոսքեր են ուղղել Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռ. Հովհաննիսյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մ. Մինասյանը, Տուրիզմի ինստիտուտի ռեկտոր Ռ. Մինասյանը և այլք: Ցուցահանդեսում ներկայացված են  Էրեբունի, Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման խնդիրները` մանրակերտների, գծագրերի և տեղեկատվական պաստառների միջոցով:  ԻԿՕՄՕՍ/Հայաստանի և «Էրեբունի» արգելոց-թանգարանի համատեղ ջանքերով կազմակերպված  «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ»  ցուցահանդեսը» կգործի մինչև  2017թ. մայիսի 8-ը: