gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

«Էրեբունի» թանգարանում կնշվի Թանգարանների միջազգային օրը

PDF Print

Թանգարանների միջազգային հանրությունը 1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր: Ամեն տարի ԻԿՕՄ-ը՝ Թանգարանների միջազգային խորհուրդը, հանդես է գալիս ընդհանուր կարգախոսով: Այս տարի հասարակությանն առաջարկվել է «Ցավոտ պատմություններ. Դժվար պատմելին թանգարաններում» խորագիրը: 2017թ. մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը Թանգարանների միջազգային օրվան կմիանա նոր ցուցահանդեսով՝ «Վան. կորուսյալ մայրաքաղաք» խորագրով: Լինելով ուրարտական բացառիկ արժեքների պահպանությունն ու հանրահռչակումն իրականացնող եզակի  թանգարաններից մեկը ՀՀ-ում, ինչպես նաև կարևորելով Վանի՝ Հայոց առաջին մայրաքաղաքի դերն ու նշանակությունը, հարուստ պատմամշակութային, ի մասնավորի ուրարտական ժառանգությունը՝ «Էրեբունի» թանգարանը, Օրվա խորագրին համահունչ, կներկայացնի կորուսյալ Վան մայրաքաղաքին  և նրա շրջակայքին վերաբերող այնպիսի դրվագներ, որոնք մեծապես հայտնի են գիտական շրջանակներին, սակայն կարիք ունեն ներկայացվելու լայն հանրությանը:

Ցուցադրվող պաստառներում անդրադաձ է արված Վան քաղաքի պատմությանը նախապատմական, ինչպես նաև հետուրարտական ժամանակաշրջանում: Ցուցադրվող նյութերը այցելուներին կպատմեն  Վան-Տուշպայի հիմնադրման, Տուշպայի ուրարտական ժայռափոր դամբարանների, նշանավոր արձանագրությունների, Մհերի Դուռ, Գանձադուռ և այլ կառույցների մասին: Առանձին  պաստառներով ներկայացված է հետուրարտական ժամանակաշրջանի Վանը. մի ժամանակահատված, երբ ստեղծվեց Երվանդունիների հայկական թագավորությունը և Վան-Տուշպան դարձավ նրա կարևորագույն կենտրոններից մեկը: Մայիսի 18-ին  առաջին անգամ կցուցադրվի նաև Վանից հայտնաբերված Ք.ա. 8-7-րդ դարերով թվագրվող, թանգարանի ֆոնդերում պահվող սափորը, որը թանգարանին  է հանձնվել 2014թ.: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա «Էրեբունի»  թանգարանում 2017թ. մայիսի 18-ին, ժամը՝ 14:00-ին, /ք.Երևան, Էրեբունի փող. 38/: Այն  կգործի մինչև հունիսի 18-ը: