Էրեբունի հնավայրի տարածքում ընթանում են հում աղյուսի փորձնական արտադրության աշխատանքներ
Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի և Հայաստանի միջև ստեղծված համագործակցության շրջանակում CRAterre-ի (Հողի ճարտարապետության միջազգային կենտրոն) կողմից իրականացվող «Հողի ժառանգությունը և զարգացումը Հայաստանում» ծրագրով ս.թ. հուլիսի 19-ից 30-ը Էրեբունի հնավայրում անց են կացվում հում աղյուսի փորձնական արտադրության աշխատանքներ: Աշխատանքներին մասնակցում են հնագետներ, ճարտարապետներ, մշակութային ժառանգության պահպանությամբ հետաքրրքվող այլ մասնագետներ: Գործնական աշխատանքներն իրականացվում են ֆրանսիայից ժամանած փորձագետ Մաջիդ Հաջմիրբաբայի ղեկավարությամբ:
Նշված աշխատանքների վերաբերյալ 2016թ. հունիսին Էրեբունի հնավայրում կազմակերպվել են գործնական դասընթացներ:
Հայաստանի հողաշեն ժառանգությունը, ի տարբերություն քարի ժառանգության, ավելի քիչ է հայտնի թե՛ երկրի սահմաններում, թե՛ սահմաններից դուրս և դրա պահպանության հետ կապված մի շարք հրատապ խնդիրներ կան: Այնուամենայնիվ, հողաշեն ժառանգությունը մեր տարածաշրջանի համար զբոսաշրջության զարգացման կարևոր ռեսուրս է հանդիսանում: 1993թ.-ից ի վեր համագործակցելով ֆրանսիացի ճարտարապետների, հնագետների, հետազոտողների հետ՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության նախագահ Գ.Գյուրջյանը դիմել է հողաշեն կառույցներով զբաղվող ֆրանսիացի փորձագետների CRAterre-ից (Հողի ճարտարապետության միջազգային կենտրոն) և ENSAL-ից (Լիոնի ազգային ճարտարապետության բարձրագույն դպրոց), որպեսզի փորձեն Հայաստանի հողաշեն հնավայրերի և տեղական կավաշեն ժառանգության պահպանման և արժևորման համար համատեղ լուծումներ գտնել: Օվերն-Ռոն-Ալպի և Հայաստանի միջև համագործակցությունը ստեղծվել է 2013թ., որի զարգացմանը նպաստել է 2014թ. ապրիլին տարբեր փորձագետներից բաղկացած ասոցիացիայի ձևավորումը: Օվերն-Ռոն-Ալպի և «Հողի ժառանգությունը և զարգացումը Հայաստանում» ծրագիրն իրականացնող կազմակերպության՝ CRAterre-ի միջև 2014-2015թթ. ֆինանսական աջակցության պայմանագրեր են ստորագրվել: Այդ աջակցության շրջանակում 2014թ. մայիսի 26-28-ը 3 հայ փորձագետներ մասնակցել են Գրենոբլում կազմակերպված «Հողի ճարտարապետության կոնսերվացիան հնավայրերում. Նոր փորձը և հեռանկարները» խորագրով միջազգային սեմինարին: 2016թ. հունիսին ֆրանսիացի փորձագետներ Ս. Մոննոյի և Մ. Հաջմիրբաբայի կողմից էրեբունի հնավայրի տարածքում գործնական դասընթացներ են կազմակերպվել ծրագրի առաջին փուլի համար շինանյութեր պատրաստելու վերաբերյալ, որին մասնակցել են «Էրեբունի» թանգարանի վերականգնողները և ՀՃՇԱՀ-ի ուսանողները: 2016թ. հուլիսի 11-14-ը Լիոնում տեղի ունեցած «TERRA 2016» համաշխարհային 12-րդ կոնգրեսին մասնակցել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գ.Գյուրջյանը: Վերջինս հանդիպումներ է ունեցել ճարտարապետության և հողի ժառանգության մի շարք մասնագետների հետ, ներկայացրել Էրեբունի հնավայրի պահպանման և վերականգնման ծրագրի կարևորությունը: Ծրագրի շրջանակում 2017թ. նախատեսվում է Էրեբունի հնավայրում իրականացնել հում աղյուսի մեծաքանակ արտադրություն և եզրակացություններ տալ ծրագրի և վերականգնվող շինությունների տեխնիկական մանրամասների վերաբերյալ: